Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Մընգիլիկ ել»՝ 21-րդ դար

«Մընգիլիկ ել»՝ 21-րդ դար
31.03.2015 | 00:26

«Մենք՝ ղազախստանցիներս, միասնական ժողովուրդ ենք: Եվ մեզ համար ընդհանուր ճակատագիրը մեր «Մընգիլիկ ել»-ն է՝ մեզ արժանի և հզոր Ղազախստանը: «Մընգիլիկ ել»-ը մեր համաղազախստանյան տան ազգային գաղափարն է, մեր նախնիների երազանքը»: Սա մեջբերում է «Ղազախստանի նախաձեռնությունները» գրքից։ Ընդունեք իբրև սկիզբ:

Մարտի 27-ին Հայաստանում Ղազախստանի Հանրապետության դեսպանատունը և Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը «Կոնգրես» հյուրանոցում դիվանագետների, հասարակական կազմակերպությունների, փորձագետների, գիտնականների մասնակցությամբ կազմակերպել էին կոնֆերանս՝ «Միջէթնիկ համաձայնությունը՝ որպես պետության բարգավաճման երաշխիք» թեմայով: Կար նաև մեկ այլ թեմա՝ ոչպաշտոնական, Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզջիգիտովն ավարտում է դիվանագիտական առաքելությունը և արդեն նշանակվել է Ղրղզստանի դեսպան, կոնֆերանսը մասն էր հրաժեշտի այն երկրին, որտեղ ղազախ դիվանագետը 9 տարի դեսպան է: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը նրա նոր նշանակումը որակեց Հայաստանում բեղմնավոր գործունեության գնահատական, շնորհավորանքը և ափսոսանքը միացրեց, որ Հայաստանից հեռանում է հայերի հետ բարեկամացած, բազմափորձ դիվանագետը, և հույս հայտնեց, որ նրա հաջորդը կշարունակի արդյունավետ աշխատանքը: Անդրադառնալով դեսպանի բազմամյա գործունեությանը Հայաստանում՝ Ստեփան Գրիգորյանը բազում դրվագներ հիշեցրեց Այիմդոս Բոզջիգիտովի նախաձեռնություններից և կանգ առավ հայ-ադրբեջանական շփման գծից դիպուկահարների դուրսբերման առաջարկի վրա, որ հետո դարձավ 2010-ին ԵԱՀԿ-ում նախագահող Ղազախստանի նախաձեռնություններից մեկը՝ ըմբռնում ու աջակցություն գտնելով նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից:
ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզջիգիտովը կոնֆերանսի թեման հիմնարար որակեց ցանկացած պետության համար, առավել ևս այն պետության, որտեղ հիմնական էթնոսի համեմատ մյուսները 40 % են: Դեսպանը հիշեցրեց, որ իր երկրում չկան էթնիկ բաժանումներ, կան Ղազախստանի քաղաքացիներ: Նա հիշեցրեց նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ուղերձը, որ սովորաբար տարեսկզբին ուղենշում է անելիքները, բայց անցյալ տարի նոյեմբերի 11-ին հնչեց՝ ի պատասխան գլոբալ մարտահրավերների, որ ներգործում են բոլոր երկրների վրա: Նախագահն առաջարկել էր հակաճգնաժամային քայլեր՝ գլոբալ ճգնաժամից դուրս գալու համար: Ղազախստանի տնտեսությունը պետք է ճգնաժամից դուրս գա՝ իբրև դինամիկ զարգացող պետություն: Ազգային բարեկեցության հիմնադրամից, որտեղ հումքի վաճառքից 105 միլիարդ դոլար է կուտակվել, տարեկան երեք միլիարդ կհատկացվի ինֆրակառույցների կատարելագործմանը, փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը, բանկերին: Ակնկալվում է 200000 աշխատատեղերի ստեղծում և արդյունաբերական ներուժի մեծացում, ավտոմայրուղիների ու երկաթուղագծերի շինարարություն: Դեսպանը կարծում է, որ միայն քաղաքացիական կայունության առկայությամբ է հնարավոր տնտեսական հաջողություններ ունենալ: Անդրադառնալով կոնֆերանսի թեմային՝ Այիմդոս Բոզջիգիտովը պատմեց, որ համաշխարհային և ավանդական կրոնների հինգերորդ համագումարն է հրավիրվելու Ղազախստանում: Համագումարի հարթակը քաղաքակրթությունների երկխոսության հնարավորություն է բոլոր մասնակիցների համար: Քաղաքացիական հասարակության կայունության շնորհիվ է Ղազախստանն աշխարհում ընկալվում իբրև տարածաշրջանային հզոր պետություն: Ղազախստանի բյուջեում մեծ գումարներ են նախատեսվում ազգային փոքրամասնությունների լեզվի և մշակույթի զարգացման համար, նույնիսկ եթե այդ փոքրամասնություններն ընդամենը 60 հոգի են, նրանց համար գնվում են գրքեր, մեթոդական գրականություն, վճարվում են մայրենի լեզուն ուսուցանող ուսուցիչները: Սոցիալական հատկացումները բյուջեում չեն կրճատվում: Ի թիվս այլ ազգությունների՝ Ղազախստանում 40000 հայ է ապրում, որ լիովին ինտեգրված են երկրի քաղաքական, հասարակական ու տնտեսական կյանքում: Այիմդոս Բոզջիգիտովը թվարկեց հայերի անունները, որ հաջողության են հասել տարբեր ոլորտներում:
ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտ Եսայանի ելույթը նվիրված էր միջազգային հարաբերություններում Հայաստանի փորձին: Նա նշեց, որ աշխատանքի բերումով ազգային փոքրամասնությունների հետ շփվելու բազում առիթներ է ունենում, հանձնաժողովում ևս իբրև փորձագետներ աշխատում են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ: Պատգամավորը հավաստեց, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները ապրում են հավասար պայմաններում և այդպես է եղել միշտ. «Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններն ունեն այն խնդիրները, որոնք ունեն Հայաստանի բոլոր քաղաքացիները՝ անկախ ազգային պատկանելությունից: Մենք նրանց համարում ենք մեզնից մեկը և որևէ տարբերություն չենք դնում մեր ու այլազգիների միջև»։ Հայաստանի միջազգային փորձին անդրադառնալով՝ նա հիշեցրեց, որ Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում գտնվել է երկու աշխարհների՝ Արևելքի ու Արևմուտքի սահմանագծին, երբեմն երկու քաղաքակրթություններ կամրջելով, երբեմն բախման խաչմերուկ դառնալով: Իր պատմության զգալի հատվածում պետականություն չունենալով՝ հայերս կարողացել ենք հոգևոր ու մշակութային հարուստ ու ինքնատիպ ժառանգություն ստեղծել, անփոփոխ պահած հոգևոր նկարագրի շնորհիվ հաղթահարել բոլոր փորձությունները և ի վերջո կերտել ազատ, անկախ պետություն: Մարգարիտ Եսայանն այն կարծիքին է, որ պատմական համատեքստից դուրս են մնում այն ազգերը, որ կորցնում են իրենց պատմամշակութային ինքնությունը:
Հայաստանում Ղազախստանի դեսպանության խորհրդական Ալմատ Տոյեկինը ներկայացրեց Ղազախստանի ժողովրդի ասամբլեան՝ որպես ազգամիջյան համաձայնության ապահովման մեխանիզմ: 20 տարում Ասամբլեան դարձել է հեղինակավոր հասարակական կառույց ազգամիջյան ու միջկրոնական հաղորդակցության համար: Եթե առաջ Ասամբլեան խորհրդակցական մարմին էր, վերջին 10 տարում դարձել է նաև օրինաստեղծ՝ խորհրդարանում ունենալով 10 պատգամավոր: Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քանիցս ասել է, որ Ղազախստանի ժողովրդի ասամբլեան մեծ ներդրում ունի քաղաքացիական ազգի ձևավորման մեջ, լինելով ուժ, որ դիմակայում է ներքին ու արտաքին սպառնալիքներին ու մարտահրավերներին: Ղազախստանի ժողովուրդների ասամբլեան ունի գիտական-փորձագիտական խորհուրդ, հասարակական հիմնադրամ, երկու ամսագիր: Ղազախստանի բոլոր շրջաններում կան փոքր ասամբլեաներ՝ հասարակական համաձայնության կոլեգիաներ, գործում է Մայրերի խորհուրդը, որ խորհրդակցական մարմին է և զբաղվում է ընտանիքի ու կանանց խնդիրներով: Ասամբլեայի գլխավոր խնդիրը ազգամիջյան ու միջկրոնական համաձայնության ամրապնդումն է, հասարակական կյանքի կայունությունը, ազգամիջյան և միջկրոնական պետական քաղաքականության հիմքերի մշակումը, նրանց հոգևոր-մշակութային հարստացումը իրավահավասարության սկզբունքներով ու պայմաններով: 2013-ին ասամբլեան գլխավորել է Արտուշ Կարապետյանը, որ այդ պաշտոնին է հասել իր բարձր հեղինակության և հասարակական-քաղաքական ակտիվության շնորհիվ:
ՀՀ Հանրային խորհրդի ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Պոլատիդիսի ելույթը պիտի ներկայացներ Հայաստանը որպես ազգամիջյան համաձայնության տարածք, բայց նա ելույթը դրեց մի կողմ և որոշեց պատմել մի հույնի պատմություն, որ 1988-ին Բաքվից իբրև փախստական հայտնվեց Հայաստանում, որովհետև կինը հայ էր: Հայաստանում հույնը սկսեց զբաղվել փախստականների ու ազգային փոքրամասնությունների խնդիրներով: Պարոն Պոլատիդիսը հիշեցրեց, թե այդ տարիներին ինչպես էինք ապրում բոլորս և ինչպես էինք մի կտոր հացը կիսում բոլոր քաղցածների հետ՝ փախստական էին նրանք, հայ, ռուս, հույն, թե ադրբեջանցի: Հանրային խորհրդի անդամն ասաց, որ այսօր էլ Հայաստանում ապրում է 8000 ադրբեջանցի, նրանց ոչ ոք չի նեղացնում, բայց նրանք չեն ցանկանում հայտնի դարձնել իրենց ազգությունը: Հանրային խորհրդի անդամը պատմեց իր կյանքի պատմությունը, որ անցել է այսօրվա քաղաքական բաժանումով՝ տարբեր երկրներում ու տարբեր ազգերի մեջ: Կյանքի փորձը նրան հուշել է զբաղվել ազգային փոքրամասնությունների խնդիրներով՝ օգտագործելով տարբեր ազգերի հետ շփումների իր հարուստ փորձը:
«Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանի ելույթը նվիրված էր Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրություններին՝ հանուն կայունության և բարգավաճման կարգախոսով: Ղազախստանը ամենազարգացած 50 երկրներից մեկն է աշխարհում, անցյալ տարի նախագահը խնդիր դրեց դառնալ առավել զարգացած 30 երկրներից մեկը մինչև 2050-ը, որ բարդ խնդիր է և պահանջում է մարդկային, ֆինանսական, կազմակերպական մեծ ռեսուրսներ: Այս տարի նշվում է Ղազախստանի Սահմանադրության 20 տարին, Սահմանադրության 72-րդ հոդվածը սահմանում է, որ նույն տարում չի կարելի անցկացնել նախագահական ու խորհրդարանական ընտրությունները: Սահմանադրությունից ելնելով՝ Ղազախստանի ժողովուրդների ասամբլեան որոշեց նախագահական ընտրությունները մեկ տարի շուտ անելու առաջարկ ներկայացնել, որպեսզի հասարակությունը ճնշումների չենթարկվի, քաղաքացիական համաձայնությունը հաստատուն մնա և պահպանվի ազգամիջյան խաղաղությունը: Պարոն Սաֆարյանի գնահատմամբ՝ այս որոշումը արժանի է հարգանքի՝ Ղազախստանը հետխորհրդային տարածքի միակ երկիրն է, որտեղ ազգամիջյան ընդհարումներ չեն եղել: «Կա՞ն այսօրվա Ղազախստանում արտաքին սպառնալիքներ» հարցին Արամ Սաֆարյանը պատասխանեց՝ կան, առաջինը Մերձավոր Արևելքից կրոնական ֆունդամենտալիզմն է, երկրորդը՝ նարկոթրաֆիկը: Կա՞ն ներքին սպառնալիքներ: Սպառնալիքներ չկան, կան մարտահրավերներ: «Ղազախստանի նախագահի պաշտոնում Նուրսուլթան Նազարբաևին այլընտրանք չկա, դա ձեզ կասի Ղազախստանի բնակչության 90 %-ը՝ ըստ ամենատարբեր հարցումների: Ղազախական հասարակության մեջ այսօր ընդդիմադիր դիրքերում գտնվողները ևս ընդունում են, որ իրենք այլընտրանք չեն գործող նախագահին, որ ազգի առաջնորդն է, և իբրև նոր բարեփոխումների նախաձեռնող պետք է ու ընտրվելու է նախագահ: Ղազախական հասարակության մեջ նրա նկատմամբ կասկածներ ու դիմակայություն չկան: Կան պոպուլիստներ, ազգայնականներ, և եթե նրանք ավելի մեծ իշխանություն ստանան երկրում, կարող են սպառնալիք լինել ազգամիջյան խաղաղությանն ու համաձայնությանը, որ հաստատվել է վերջին 20 տարում»,- կարծում է Արամ Սաֆարյանը: Նա ևս ջերմ խոսքեր ասաց դեսպան Այիմդոս Բոզջիգիտովին՝ բազմամյա արգասաբեր աշխատանքի համար, վստահ, որ հայ-ղազախական հարաբերությունների զարգացման մեջ դեսպանն արել է հնարավորն ու անհնարը և մաղթեց հաջողություններ Ղրղզստանում՝ համոզված, որ հայերն ու Հայաստանը մնալու են դեսպանի սրտում ու հիշողությունների մեջ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- «Մընգիլիկ ելը» համաղազախական տան ազգային գաղափարն է, ղազախների նախնիների երազանքը, նրանց հավերժական երկիրը, դեպի ուր շարժվում են վստահ, որ Հայրենիքի ջերմությունը կրակից էլ տաք է: Եվ գուցե 2050-ից էլ շուտ հասնեն, որովհետև աշխարհում ամենաբարձր արժեքը համարում են անկախությունը:

Դիտվել է՝ 1035

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ